Հայրավանք
Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին։
Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։
1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։
Ավանդություն
Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։