Ջուղա
Ջուղայի գերեզմանատուն
(հայտնի նաև որպես Ջուղայի խաչքարեր կամ Ջուղայի հայկական գերեզմանատուն)՝ հայկական ավերված գերեզմանատուն է, որը գտնվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքի հարևանությամբ։
Գերեզմանատունը հայտնի էր իր հազարավոր խաչքարերով և խոյաձև տապանաքարերով, որոնք թվագրվում էին տարբեր դարերով և զարդարված էին պատկերազարդ քանդակներով ու վիմագիր արձանագրություններով։ Այն եղել է աշխարհում խաչքարերով ամենամեծ գերեզմանոցը։
1648 թվականին, ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով, գերեզմանատանը կային շուրջ 10,000 լավ պահպանված խաչքար։ Սակայն 1903-1904 թվականներին երկաթուղու շինարարությունից հետո խաչքարերի մեծ մասը ավերվեց, և հաշվառվեց միայն մոտ 5,000 կանգուն ու վայր ընկած խաչքար։ 1915 և 1928-1929 թվականներին գերեզմանատանը գրանցվել էին մինչև 3,000 խաչքար և մի քանի հազար հարթ, երկթեք ու խոյաձև տապանաքար։ 1971 և 1973 թվականների հաշվառումների համաձայն, գերեզմանատանը մնացել էր ընդամենը 2,707 խաչքար, իսկ եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի տարածքներում՝ ևս 250 խաչքար ու մոտ 1,000 տապանաքար։
Հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը սկսվեց 1920-ականներին, երբ Նախիջևանը ընդգրկվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում։ Հայերի տեղահանության ֆոնին ավերվում էին հայկական պատմամշակութային հուշարձանները, այդ թվում՝ Ջուղայի խաչքարերը։
Ադրբեջանի անկախացումից հետո գերեզմանատան ոչնչացումը դարձավ ավելի ակտիվ։ 2005 թվականին, Ադրբեջանի կառավարության հրամանով և զինված ուժերի ներգրավմամբ, գերեզմանոցը վերջնականապես ոչնչացվեց։ Ծանր տեխնիկայի միջոցով խաչքարերը տեղահանվեցին, փշրվեցին և նետվեցին Արաքս գետը՝ վերացնելով պատմամշակութային այս բացառիկ ժառանգությունը։
Տեղադրություն
Ջուղայի գերեզմանատունը գտնվում էր համանուն քաղաքի արևմտյան կողմում՝ երեք բլրակների վրա և նրանց շուրջը, որոնք միմյանցից բաժանված էին փոքրիկ ձորակներով։ Այն ձգվում էր հյուսիսից հարավ՝ ընդգրկելով երկարավուն տարածք, որը սահմանափակվում էր Արաքս գետով և մոտակա լեռնալանջերի բարձր պատնեշներով ու պարիսպներով։
Գերեզմանատունն առանձնանում էր հազարավոր խաչքարերով ու տապանաքարերով։ Պարիսպներն ու պատնեշները կառուցված էին՝ լեռներից իջնող հեղեղումներից գերեզմանատունը պաշտպանելու նպատակով։
Մշակութային-ճարտարապետական նկարագիր
Ջուղայի խաչքարերը՝ իրենց մշակման ձևով, բաժանվում են երեք հիմնական խմբի։
Վաղ շրջանի խաչքարեր (9-13-րդ դարեր)
Այս խաչքարերը փոքր են չափերով, զուսպ քանդակազարդերով և վիմագիր արձանագրություններով։ Դրանք ներկայացնում են արվեստի ձևավորման նախնական փուլը։Միջին շրջանի խաչքարեր (14-16-րդ դարի կես)
Այս խումբը անցումային է և աչքի է ընկնում ավելի բարդ կազմությամբ, մանրակրկիտ հարդարանքով, վիմագրություններով ու պատկերաքանդակներով։Կեսարյան շրջանի խաչքարեր (16-րդ դարի կես-1605 թ.)
Այս խաչքարերն առանձնանում են իրենց մշակման բարձր մակարդակով, զարդերի բազմազանությամբ, հորինվածքների բարդությամբ ու արվեստի կատարելությամբ։
Ջուղայի խաչքարերը սովորաբար չունեին պատվանդաններ և կանգնեցված էին ուղղակի հողի մեջ՝ գերեզմաններում ծառայելով որպես տապանի նշան։ Խաչքարերը հիմնականում 2 մետր բարձրություն ունեին և թողնում էին քառակող կոթողների տպավորություն։
Խաչքարերի հորինվածքում խաչի կենտրոնական հատվածը խորաքանդակ է՝ հաճախ պարունակելով մեկից ավելի (2-4) խաչապատկերներ, որոնք դասավորված էին խորանների մեջ։ Վերին հատվածներում հաճախ հանդիպում են Քրիստոսի, Աստվածամոր, ավետարանիչների, Սֆինքսների բարձրաքանդակներ, իսկ ստորին մասերում՝ արձանագրություններ, Սուրբ Գևորգի հեծյալ պատկերներ կամ հանգուցյալների քանդակներ։
Բացի խաչքարերից, գերեզմանատանը տարածված էին խոյաձև տապանաքարեր, որոնք զարդարված էին գեղեցիկ ու բազմաբնույթ կենցաղային պատկերաքանդակներով։ Թեմատիկայում ներառված էին մարդկային պատկերներ, ինչպես նաև Հայոց լեռնաշխարհի կենդանիների ու թռչունների, բույսերի, կենցաղային և երաժշտական գործիքների, զենքերի ու աշխատանքային գործիքների տարբեր պատկերներ։
Պատմության ոչնչացում
Խորհրդային տարիներին, երբ Նախիջևանը գտնվում էր Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում, Ջուղայի հայկական գերեզմանատունը ոչ միայն չէր ընդգրկվել պահպանվող հուշարձանների ցանկում, այլև շարունակաբար ենթարկվում էր ավերման։ Նախիջևանի ԻԽՍՀ Հուշարձանների պահպանության վարչության հովանավորությամբ գերեզմանաքարերը հաճախ ջարդվում էին և օգտագործվում որպես շինանյութ։
Ադրբեջանի անկախացումից հետո հայկական գերեզմանատան ոչնչացման քաղաքականությունը դարձավ ավելի ակտիվ։ 1998 թվականի նոյեմբերին, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տեղական իշխանությունների հրահանգով, սկսվեց Ջուղայի գերեզմանատան նպատակային ոչնչացումը։ Միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը կարողացավ ժամանակավորապես կասեցնել հուշարձանի ավերումը։
2002 թվականի նոյեմբերի 9-ից գերեզմանատան ոչնչացումը վերսկսվեց։ Խաչքարերի և խոյաձև տապանաքարերի մի մասը ոչնչացվեց, իսկ մնացածը անհայտ ուղղությամբ տեղափոխվեց։ Արաքս գետի իրանական ափից ականատեսների կողմից արված լուսանկարները ցույց տվեցին, որ գերեզմանատանը կանգուն խաչքար չէր մնացել։
2005 թվականի դեկտեմբերի 10-14-ին, Ադրբեջանի կառավարության հրահանգով և զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ, Ջուղայի գերեզմանատունը վերջնականապես ոչնչացվեց։ Ավերումն իրականացվեց ադրբեջանական բանակի շուրջ 200 զինծառայողների կողմից, ովքեր ծանր մուրճերով և քլունգներով քանդեցին բազմադարյա խաչքարերն ու տապանաքարերը, դրանք վերածեցին խճաքարի և բեռնատարներով նետեցին Արաքս գետը։
2006 թվականի մարտին, ոչնչացված գերեզմանատան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի համար կառուցվեց հրաձգարան՝ լրացուցիչ վկայելով հուշարձանի թիրախավորված ոչնչացման մասին։
Եթե ցանկանում ենք ծանոթանալ Ջուղայի խաչքարերի և նրանց ոչնչացման մասին կարող եք նաև ուսումնասիրել հետևյալ հղումները:
Wikipedia: Ջուղայի գերեզմանատուն (Հղում)
Wikipedia: Ջուղայի խաչքարերի ոչնչացում (Հղում)
Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 32։
Резолюция Европарламента от 16 февраля 2006 г. (արխիվացված)։ (ռուս.)
Azerbaijan: Famous Medieval Cemetery Vanishes (արխիվացված)։(անգլ.)
Azerbaijan 'flattened' sacred Armenian site․ (արխիվացված)(անգլ.)։
Tragedy on the Araxes․(անգլ.)
Le croci armene cancellate dalla storia. La denuncia: I soldati dell’Azerbaijan stanno distruggendo le steli degli Antichi cimiteri. Արխիվացված 2009-12-29 Wayback Machine(իտալ.)
High-Resolution Satellite Imagery and the Destruction of Cultural Artifacts in Nakhchivan, Azerbaijan․ Արխիվացված 2013-12-03 Wayback Machine (արխիվացված)։(անգլ.)
Արմեն Հախնազարյան, Ջուղա. Հայկական գերեզմանատան ոչնչացումը Նախիջևանի ադրբեջանական իշխանությունների կողմից։
Վրույր Ա․, Ջուղա, <Պ9Հ», 1967, М» 4
Այվազյան Ա․, Նախիջևանի պատմա–ճարտարապետական հուշարձանները, Ե․, 1978
Тер-Аветисян С․, Город Джуга, Тифлис, 1937; Айвазян А․, Памятники армянской архитектуры Нахичеванской АССР, Е․» 1981
В Нахичевани продолжается культурный геноцид армянских памятников․(ռուս.)
Баку торпедирует визит докладчика подкомиссии ПАСЕ по вопросам культурного наследия․(ռուս.)
Destruction of the Armenian Cemetery at Djulfa by International Council on Monuments and Sites
Evidence of destruction in Turkey Արխիվացված 2018-09-29 Wayback Machine by Armenian National Committee of Australia